Հեղափոխությունից հետո ավելացել է ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող քաղաքացիների թիվը

Armenpress 10:44, 2 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թավշյա հեղափոխությունից  հետո կտրուկ ավելացել է ԱՄՆ-ից` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող քաղաքացիների թիվը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, անկախությունից ի վեր ՀՀ քաղաքացիության և երկքաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ կառավարության մոտեցումները փոփոխվել են: Հայաստանն ունի երկքաղաքացիության մասին օրենք, որն ընդունվել է 2007 թվականին և լրամշակվել՝ 2017-ին, համաձայն որի, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն մեկից ավելի քաղաքացիություն ունենալ:

«Մենք ունենք Սփյուռք, և մեր հայրենակիցներից շատերը ցանկանում են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն: Նրանք օրենքով սահմանված կարգով օգտվում են այդ իրավունքից: Հեղափոխությունից հետո մեր հայրենակիցների մոտ բոլորովին փոխվեցին ձգտումները, ընկալումները, Հայաստանին նայում են այլ աչքով, մեծ ցանկություն ունեն Հայաստանի հետ կապվելու: Քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ձեռք բերելն այդ ձևերից մեկն է»,- ասել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարանում հաշվել և պարզել են, որ վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը կրկնապատկվել է:

ԱՄՆ-ում Հայաստանն ունի 3 դիվանագիտական ներկայացուցչություն: Հայաստանի քաղաքացիության ձեռք բերման գործընթացը տևում է մինչև 6 ամիս: ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն շնորհելուց հետո տվյալ անձը պետք է գնա Հայաստան անձնագիրը ստանալուհամար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am