Դեսպան Ղևոնդյանն աշխատանքային այց է կատարել Վիտեբսկի մարզ

Armenpress 16:54, 1 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն աշխատանքային այցով գտնվում էր Վիտեբսկի մարզում։Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հունիսի 28-ին Վիտեբսկի մարզի նահանգապետ Նիկոլայ Շերստնևի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, Հայաստանի Լոռու մարզի ու Բելառուսի Վիտեբսկի մարզի միջև փոխգործակցության հետագա ծավալման հնարավոր ուղղությունները։ 

Նույն օրը Վիտեբսկի հիմնադրման 1045-ամյակին և ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 75-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը դեսպան Ղևոնդյանն իր խոսքում ընդգծել է նաև հայ մարտիկների ներդրումը Վիտեբսկի ազատագրման գործում, ներկաների ուշադրությունն է հրավիրել քաղաքի ինչպես հետպատերազմյան վերականգնման շրջանում, այնպես էլ մարզի ներկա զարգացման գործում հայ համայնքի ներկայացուցիչների դերակատարության վրա։

Հունիսի 29-ին Հայաստանի դեսպանը մասնակցլ է Վիտեբսկի մարզի ամենախոշոր թիվ 46 դպրոցի՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով անվանակոչման հանդիսավոր արարողությանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am