Հակոբ Արշակյանը կարևորում է «Հայկական վիրտուալ կամրջի» ստեղծումը հայաստանյան ընկերությունների միջազգայնացման առումով

Armenpress 20:24, 28 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կարծիքով՝ Հայաստանում կան բոլոր նախադրյալները տարածաշրջանում բարձր տեխնոլոգիաների կենտրոն դառնալու համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  հունիսի 28-ին «Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագրով գիտաժողովի փակման արարողության ժամանակ ելույթի ընթացքում Հակոբ Արշակյանը նշեց, որ Կառավարության կողմից բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումն արդեն իսկ վկայում է այն մասին, որ պետությունն իր կարևոր առաջնահերթություններից մեկը համարում է մարդկային կապիտալը և ստեղծարար միտքը, որի օգտագործման դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա ստեղծելու ոլորտի առաջատար ընկերություններ։ Ըստ նախարարի՝ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է Հայաստանը դարձնել տարածաշրջանային կենտրոն, իսկ կենտրոն դառնալու համար պետք է այնպիսի պայմաններ ստեղել երկրում, որի հնարավորություններից կօգտվի ամբողջ աշխարհը։

«Ընկերությունները, ինժեներները և ստեղծագործողները, գալով Հայաստան, պետք է ստանան հնարավորություններ, և մենք պետք է ստեղծենք այդ հնարավորությունները»,- ասաց Արշակյանը։

Նախարարը կարևորեց այն մեխանիզմների ստեղծումը, որոնք Հայաստանը սփյուռքի միջոցով կմիացնեն ամբողջ աշխարհին։ Այդ պարագայում, ըստ Արշակյանի, Հայաստանում ոչ մի ընկերություն որևէ խնդիր չի ունենա։ «Հայկական վիրտուալ կամուրջը պետք է լինի այն մեխանիզմը, որը կմիացնի թե հայկական ընկերությունները, թե այն ընկերությունները, որոնք կուզենան աշխատել Հայաստանում։ Այդ գործընթացը նախատեսում ենք սկսել Սիլիկոնյան հովտից»,- ասաց նախարարը։

Արշակյանը չցանկացավ բացել փակագծերը, սակայն նշեց, որ այն կունենա մի քանի կարևոր բաղադրիչ։ «Առաջինը ֆինանսական հարցն է։ Հայաստան եկող ցանկացած ստարտափ պետք է ունենա ուղիղ կապ ֆինանսական որոշ մեխանիզմների հետ։ Երկրորդը՝ գիտելիքների և միջազգային կապերի հարցն է, որոնք որոշ չափով պետք է ապահովենք սփյուռքի հայրենակիցների գիտելիքներով։ Երրորդը՝ ձեռներեցության հարցն է։ Շատերը ասում են, որ թույլ ենք հենց ձեռներեցության ոլորտում՝ մարքեթինգի, վաճառքի, ընկերութունների ձևավորման, ղեկավարման հարցերում։ Դա այդպես է, բայց մենք ինչպե՞ս պետք է դա զարգացնենք։ Դա պետք է զարգացնենք երկու ճանապարհով։ Առաջինը՝ գնալ արտասահման և սովորել և երկրորդ՝ այդ սովորելու մեխանիզմները Հայաստան բերել»,- եզրափակեց Արշակյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am