ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեն դատապարտում է համայնքը պառակտելու, բաժանարար գծեր ստեղծելու գործելաոճը

Armenpress 12:52, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեն դատապարտում է ՀՀ իշխանությունների և հայ համայնքի միջև բաժանարար գծեր ստեղծելու գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ընդհանուր քարտուղար, դեսպան Վահագն Մելիքյանի հետ հանդիպման վերաբերյալ հայաստանյան մամուլի հրապարակումներին:

«Մեծ զարմանքով կարդացինք հայաստանյան մամուլում ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության ընդհանուր քարտուղար, դեսպան Վահագն Մելիքյանի հետ հանդիպման մասին հրապարակումը: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՅԴ կենտրոնական կոմիտեի խնդրանքով, եւ պարոն Մելիքյանն ընդառաջեց դիմումին, հակառակ իր բազմազբաղ ծրագրին: Հունահայ համայնքում լուսանցքային դեր ունեցող մի շրջանակ, հանդիպման բնույթն անտեսելով, առիթն օգտագործում է մեր գաղութը պառակտելու եւ ՀՀ իշխանության հետ սնոտի բաժանարար գծեր ստեղծելու համար։ Նման փորձեր, առաջին անգամ չէ, որ կատարվում են, խոր զայրույթ եւ ափսոսանք ստեղծելով՝ հայրենասիրական ճշմարիտ զգացումներով առաջնորդվող մեր հայրենակիցների մոտ։ Կտրուկ մերժում ենք եւ դատապարտում նման կեցվածքը»,-նշված է գրառման մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am