Դատախազը հաստատել է «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը

Armenpress 20:23, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- ասաց Խաչատրյանը:

Արթուր Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձի առևանգումը»):

2018 թվականի սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am