1000х90.jpg (78 KB)

Ջրի ուսապարկեր Թալիշի առաջնագիծ. նոր նախաձեռնությունը տվել է իր արդյունքները

Armenpress 09:02, 27 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունն արդեն երկրորդ անգամ հաջողությամբ իրականացրել է զինծառայողներին ջրի ուսապարկերով ապահովելու նախաձեռնությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանն ասաց, որ առաջին անգամ դրամահավաք են արել 2018 թվականի օգոստոսին:

«Այդ ժամանակ անհամեմատ ավելի քիչ թվաքանակով էինք բերել և միայն հետախույզների համար: Այս անգամ ջրի ուսապարկերն ուղղվեցին դեպի Թալիշ: Դրամահավաքը սկսել ենք 2019 թվականի հունվարի 28-ից, քանի որ մեզ համար արդեն ավանդույթ է դարձել նման հիշարժան օրերը (Բանակի օրը) նշել հենց այդ կերպ՝ օգնելով բանակին: Նախաձեռնությունը կոչվում էր «Ջրի ուսապարկեր Թալիշի դիրքապահներին»,- ասաց Դավիթը և հավելեց, որ 2018 թվականին իրականացրած դրամահավաքից հետո հանրության մոտ իրենց հանդեպ վստահություն կար, այդ իսկ պատճառով այս անգամ մասնակիցների թիվը մի քանի անգամ ավելի շատ էր։

Դավիթի պնդմամբ՝ հանրության ակտիվ աջակցության շնորհիվ կարողացել են գնել 450 ջրի ուսապարկ: Թալիշն էլ ընտրել են հաշվի առնելով տեղի չոր կլիման:

Դավիթը նաև շատ կարևորեց այն հանգամանքը, որ իրենք պարտադիր հաշվի են առնում ապրանքի արդյունավետությունը, դրա որակը և մի շարք այլ հանգամանքներ:

«Ջրի ուսապարկերը զինվորական համազգեստի նախշերով են, սակայն կտորն ավելի որակյալ է: Դրանք ունեն 3 լիտր տարողություն, քանի որ մարդն օրական միջինում խմում է կամ պետք է խմի 2-2,5 լիտր ջուր: Հաշվի ենք առել նաև մեկ այլ հանգամանք՝ մեկ ջոկում կա 8-10 զինվոր, բոլորի ջրի ուսապարկերի ընդհանուր քաշը գրեթե հավասարվում է զինվորի ուսապարկի քաշին, այսինքն՝ ամբողջ ջոկի համար ջրի ուսապարկերը լցնելու համար կարող է գնալ մեկ զինվոր»,- ասաց «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահը:

Ուսապարկերը գնվել են Չինաստանից: «Բեռը Հայաստանում էր մայիսի 31-ին, և մեր հաջորդ քայլը դրանք Արցախի Հանրապետություն հասցնելը պետք է լիներ: ԱՀ Պաշտպանության բանակի արագ արձագանքման շնորհիվ ձեռք բերվեցին անհրաժեշտ թույլտվությունները, և հունիսի 3-ին ջրի ուսապարկերը հասան առաջնագիծ»,- նշեց Դավիթը։

Ջրի ուսապարկերը սովորական թափաշշերի համեմատ ավելի տարողունակ են, ավելի երկար են պահում ջերմաստիճանը և ավելի հեշտ է օգտագործելը:  Ուսապարկերի համար դրամահավաքը սկսվել է հունվարի 28-ին և ավարտվել մարտի 15-ին:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am