Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը աշխատանքային այց է կատարել Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտ

Armenpress 18:39, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հունիսի 24-ին աշխատանքային այց է կատարեց Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտ և հանդիպել դեպարտամենտի պրեֆեկտ Հյուգ Մուտուի (Hugues Moutouh), Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի (Nikolas Daragon), Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեի (Marlène Mourier) և Ռոմանի քաղաքապետ Հելեն Թորավալի հետ (Hélène Thoraval):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպումների ընթացքում Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում՝ բարձր գնահատելով քաղաքապետերից յուրաքանչյուրի՝ այդ ուղղությամբ ներդրած գործուն և շարունակական ջանքերը: Քննարկվել ենն, մասնավորապես, ֆրանկոֆոնիայի, մշակույթի, կրթության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: 

Վալանսի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կազմակերպվել է ընդունելություն՝ Վալանսի քաղաքային խորհրդի ու Դրոմ դեպարտամենտի հայկական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այցի ընթացքոմ ՀՀ դեսպանն այցելել է Վալանսի Սուրբ Սահակ հայ առաքեական եկեղեցի, Հայկական ժառանգության կենտրոն, Վալանսում կառուցվող հայ-ֆրանսիական ամենօրյա հայկական դպրոցի շինհրապարակ:

Դեպարտամենտ այցի ավարտին պրեֆեկտի և քաղաքապետերի հետ միասին դեսպանն այցելել է Ռոման քաղաքում ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոսի արհեստանոց, ով Հայաստանի դեսպանությանը նվիրել է Կոմիտասի դիմաքանդակ՝ մեծ երգահանի ծննդյան 150-ամյակի առթիվ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am