ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել, խնդիրները եղել են դրվագային. ՊՎԾ ներկայացուցից

Armenpress 17:38, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը հունիսի 26-ին  արտահերթ նիստ էր գումարել՝ օրակարգային 3 հարցով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵՊԲՀ-ից, օրակարգի առաջին հարցը զեկուցել է բժշկական համալսարանում իրականացված ուսումնասիրության խմբի ղեկավար Դավիթ Ադյանը: Նա շեշտել է, որ ՊՎԾ-ի արձանագրված խնդիրները դրվագային բնույթ են կրում և ԵՊԲՀ-ում բավականին դրական արդյունքներ են արձանագրվել: Դավիթ Ադյանը նշել է, որ արձանագրված ցանկացած խնդիր արագ արաձանք է ստացել բուհի ղեկավարության կողմից:

«Նույնիսկ խնդիրներ կան, որոնք ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են և ուսումնասիրության ավարտին արդեն իսկ վերացված են եղել ամբողջովին», - ասել է Դավիթ Ադյանը։

ՊՎԾ պաշտոնյան արձանագրել է՝ ԵՊԲՀ-ում իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ ՊՎԾ տարածած հայտարարությունում այն դրական միտումները, որոնք արձանագրվել են տարիների ընթացքում, գուցեև այդքան հստակ ներկայացված չեն եղել։ Մասնավորապես, նա ասաց, թե հանրապետության գրեթե բոլոր բուհերում եղել է եկամտային մասի անկում. «Այնինչ, բժշկական համալսարանում կրթության ծառայությունների մատուցումը եկամտի մասով ունեցել է աճ։ Արձանագրվել է նաև, որ տարիների ընթացքում աշխատավարձերի դինամիկ աճ է եղել, լիկվիդային գնից 2,5 անգամ էժան գնով գույք է ձեռք բերել, ԵՊԲՀ-ի համալսարանական հիվանդանոցներում եկամուտների զգալի աճ է գրանցվել»։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ՊՎԾ ներկայացուցիչներին կառուցողական և արհեստավարժ աշխատանքի համար և ևս մեկ անգամ շեշտել, որ ՊՎԾ-ի տեղեկանքում արձանագրված առաջարկների զգալի մասը ընդունվել են ի գիտություն և արդեն իսկ հետևողականորեն աշխատանքներ են տարվում՝ խնդիրները շտկելու ուղղությամբ:

Նիստի ընթացքում միաձայն որոշում է ընդունվել նաև Մանկական արյունաբանության եւ ուռուցքաբանության ամբիոն հիմնադրելու մասին և ամբիոնի կազմավորման աշխատանքները հանձանարարվեց ռեկտորի խորհրդական Գևորգ Թամամյանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am