ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դիտարկում է բացառապես իրավական հարթության մեջ

Armenpress 12:47, 26 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և համանուն խմբակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դիտարկում է բացառապես իրավական հարթությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպես են գնահատում Քոչարյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը:

«ԲՀԿ-ն և «Բարգավաճ Հայաստանը» խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցի հետ կապված բազմիցս բարձրաձայնել են իրենց տեսակետը. մենք հարցը դիտարկում ենք բացառապես իրավական հարթության մեջ: Իրավական գործընթացներ են, և օրենքով սահմանված կարգով որոշակի ժամանակահատվածում, երբ կլինի այդ հարցի հետ կապված հանգուցալուծում, իրավական լուծում, ԲՀԿ-ն իր գնահատականը կտա»,-ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով հարցին, որ Ռոբերտ Քոչարյանը տեսակետ է հայտնել, թե երկրում օրինականություն չկա, և արդյոք ԲՀԿ-ն կիսում է այս տեսակետը` Տոնոյանը նշեց, որ դա երկրորդ նախագահի կարծիքն է, որը գոյություն ունենալու իրավունք ունի: Նա շեշտեց, որ օրինականության հետ կապված իրենց դիրքորոշումը բազմիցս արտահայտել են, մասնավորապես, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և բացառապես այդ հարթության մեջ պետք է դիտարկել գործընթացները:

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ բավականին զարգացումներ կան, արդյոք հրապարակված փաստերը թույլ չեն տալիս եզրակացություն անել, խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ամբողջական հրապարակված գործընթաց չկա: «Մարտի 1-ի հետ կապված ամենաանցանկալի դրսևորում է եղել, և իրոք բոլոր մեղավորները, եթե այդպիսիք կան, և նոր հանգամանքները ամբողջությամբ բացահայտ պետք է ներկայացվեն: Տարբեր քաղաքական հայտարարությունների հետ առերեսվել ենք, բայց փաստերի, վճռի հետ կապված առերեսում չենք ունեցել, երբ կլինի, մեր մոտեցումները կներկայացնենք»,-շեշտեց Էնֆիաջյանն ու հավելեց, որ արդարությունը պետք է վերականգնվի ու բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն` անկախ քաղաքական հայացքներից:

Տոնոյանը նշեց, որ կան հատվածական տեղեկատվություններ, բայց ամեն ինչը պետք է դիտարկել ամբողջականության համատեքստում: «Քանի դեռ այս հարցի հետ կապված չկա ամբողջական պատկեր, բնական է, որ մենք զերծ ենք մնալու այդ հարցի հետ կապված որևէ մեկնաբանություն տալուց, բացի նրանից, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենքի և օրինականության գերակայության պայմաններում»,-նշեց նա:

Վերաքննիչ քրեական դատարանի՝ հունիսի 25-ի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը, և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Քոչարյանը հունիսի 25-ին ինքնակամ  ներկայացել է ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` կատարելու դատարանի կալանքի որոշումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am