Քոչարյանը ինքնակամ ներկայացավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Armenpress 18:18, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացավ Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ կատարելու  դատարանի՝ կալանքի որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԱԾ շենքի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու պահանջում են նրա ազատ արձակումը:

Քոչարյանը ողջունեց իր աջակիցներին, իսկ լրագրողների հարցին, թե ինչ կարծիքի է Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ, նա պատասխանեց.

«Կարծում եմ դուք տեսել եք, որ ոչ օրենք կա, ոչ օրինականություն»:

Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան նոր քննության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am