Սամբիստները գոհ են Եվրոպական խաղերում գրանցած արդյունքներից, սակայն աշխարհի առաջնությանը ձգտելու են ավելիին

Armenpress 14:29, 25 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները Եվրոպական խաղերում գրանցած արդյունքն առաջխաղացում են համարում մարզական կարիերայում:

«Եվրոպական այս խաղերն առանձնացած մրցավարների անկողմնակալ վերաբերմունքով: Մեկնարկում պարտվեցի, բայց հաղթեցի սփոփիչ գոտեմարտում` ադրբեջանցու հետ: Իսկ երրորդ տեղի համար գոտեմարտում մրցեցի հույն մարզիկի հետ, ում հետ ուժերս էի չափել  նաև աշխարհի առաջնության ժամանակ: Ես ինձ առաջխաղացում էր իմ մարզական կարիերայի ընթացքում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Ղազարյանը` Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրը:

Սամբիստ Դավիթ Գրիգորյանն, ով Եվրոպական խաղերում դարձավ փոխչեմպիոն, շեշտեց` արդեն իսկ հասկացել է եզրափակչում թույլ տված իր սխալները և հաջորդիվ անելու է ամեն ինչ, դրանք չկրկնելու համար: «Վստահ եմ, աշխարհի առաջնությունում ևս կմրցեմ այդ մարզիի հետ, այնպես որ նրան հաղթելու հնարավորություն ունեմ»,-ասաց նա:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am