Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Armenpress 18:55, 24 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Շավիլ քաղաքում հունիսի 21-ին տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, ինչպես նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի պատգամավոր Ժակ Մերը։ Միջոցառմանը Շավիլի քաղաքային երգչախումբը կատարել է Շառլ Ազնավուրի մի շարք ստեղծագործություններ: Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը:   Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Տոլմաջյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Շավիլի քաղաքային իշխանություններին՝ մեծ հայի և մեծ ֆրանսիացու հիշատակի հավերժացմանն ուղղված այս նախաձեռնության համար, որը նաև խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական բարեկամությանը: Նա ընդգծել է այն անգնահատելի դերակատարությունը, որն իրեն հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի բնորոշող մեծ արվեստագետն ունեցել է իր երկու ժողովուրդները և երկու հայրենիքիները կամրջելու գործում:   Փարիզի մերձակայքում գտնվող Շավիլ քաղաքն ունի շուրջ 20 հազար բնակիչ։ Քաղաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Մինչ այդ՝ ապրիլի 23-ին, Փարիզի մերձակա մեկ այլ՝ Կլիշի քաղաքում ևս բացվել էր Շառլ Ազնավուրի անվան հրապարակ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am