Նախարարը, խորհրդականը, տնօրենը, հաղորդավարն ու Թրամփի որոշումը

Armenpress 12:29, 23 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-Իրան պատերազմի բռնկման նախաշեմային իրավիճակը շրջելու որոշումը, ամերիկյան եւ ընդհանրապես համաշխարհային մամուլի փոխանցած լրատվություններով, բացառապես վերագրվում է նախագահ Թրամփի անձնական որոշմանը:

Իրանյան հակօդային ուժերի կողմից ամերիկյան անօդաչու սարքի չեզոքացումը հակահարվածի ենթահողի պատրաստության առիթ էր տվել: Ավելին, հետագայում հաղորդվել էր, որ ռմբաձիգները բարձրացել էին արդեն հարվածելու համար իրանյան հենակետերը, սակայն վերջին պահին ԱՄՆ նախագահը վիժեցրել էր գործողությունը։

Այս բոլորն ավելի պատումնային բնույթի եղելությունների տպավորություն են թողնում, եւ ոչ թե փոխանցում ռազմաքաղաքական որոշումներով իրականացվող դիպաշարի համոզումը:

Դժվար ընկալելի պիտի լիներ այն, որ ԱՄՆ թե՛ պաշտպանության նախարարը, թե՛ նախագահի անվտանգության հարցերի գլխավոր խորհրդականը եւ թե՛ արտաքին հետախուզության տնօրինությունը միանշանակ համաձայն լինեին համարժեք հակահարված տալու, ռմբաձիգերը պիտի բարձրանային եւ վերջին պահին նախագահը կասեցներ գործողությունը:

Որքան էլ երկրի նախագահը սահմանադրական իրավասություն ունենա պատերազմական գործողության դիմելու կամ որոշում բեկանելու, այնուամենայնիվ,  ենթադրվում է, որ զուտ անձնական հիմունքով չեն ընթանում նման որոշումների կայացումն ու իրականացումը:

Պատումնային արարները շարունակվում են: Նախագահ Թրամփի գործողությունը կասեցնելու որոշման վրա ազդել է Fox News հեռուստաընկերության հաղորդավար Թաքեր Կարլսոնի որոշումը:

Բեմագրությունը հետեւյալն է. պաշտոնական Վաշինգտոնի համապատասխան բաժանմունքների ղեկավարները` պաշտպանության նախարար, անվտանգության գլխավոր խորհրդական եւ արտաքին հետախուզության տնօրեն ընդդեմ «Ֆոքս նյուզի» հաղորդավարի: Վերջինիս տեսակետը ավելի ծանրակշիռ է, քան ոլորտի մասնագետ պատասխանատուների համոզումը։

Տարբեր հանգամանքներ կարող են բացատրել վերջին պահին Թրամփի որոշումը, բայց ոչ հաղորդավարի կարծիքը: Ավելի ճիշտ` անհրաժեշտ է քաղաքական տրամաբանությամբ ընկալել հրամցված բեմագրությունը: Գուցե ի սկզբանե իրանյան հենակետեր ռմբակոծելու որոշում գոյություն չուներ. անհրաժեշտ էր սակայն հայտարարել, որ նախապատրաստություն կա այդ ուղղությամբ, թե վարչակարգի ուժային բաժանմունքները տարակարծիք չեն գործողության դիմելու եւ տնտեսական պատժամիջոցների ենթարկված Իրանը այս ձեւով ենթարկվում է նաեւ ռազմական պատժամիջոցի: Նախագահ Թրամփի բարեխղճությունն է, որը կասեցրել է ոչ համարժեք զոհեր խլելու հավանականությունից խուսափելու համար։

Ահա նախագահ Թրամփի մարդկային երեսը, որ հեռուստացույցի հաղորդավարի կողմից բացատարվում է առաջիկա ընտրությունների վարկանիշի ապահովման հզոր գործոնով: Այլապես Թրամփի կողմից հակահարվածի իրականացումը, ըստ հաղորդավարի, կնկատվի խելացնորություն:

Ամերիկյան այս պատումը ներքին սպառման համար կարող է լավ շուկա նվաճել եւ գուցե նաեւ իսկապես ազդել ընտրական վարկանիշի վրա: Թեեւ Թրամփի ծայրահեղությունը նախընտրողները կարող են  դրական նկատել Իրանի դեմ ուղղված ռազմական քայլը:

Արտաքին քաղաքականության մակարդակում նախագահ Թրամփի հայտարարություններն ու կատարած քայլերը համահնչեղությամբ չեն հատկանշվում: Հյուսիսային Կորեայի նախագահին ուղղված սպառնալիքներին հաջորդած ոչ թե միջուկային պատերազմի առաջնորդող քայլերը, այլ քաղաքական մեղրամիս ուրվագծող հանդիպումները վարքագծի կտրուկ շեղումներ էին, տրամագծորեն հակառակ ուղղությամբ:

Չի բացառվում այս բոլորով հանդերձ, որ վերջին պահին սահմանափակ ռազմական գործողություն իրականացվի: Հանկարծակի, ինչպես կասեցումը` հայտարարված, ցուցադրված նախապատրաստված գործողության: Նախընթաց օրինակները նկատի ունենալով, սակայն, չի բացառվում նաեւ, որ քաղաքական մեծ առեւտրային գործարքի հետեւանքով կտրուկ փոփոխության ենթարկվեն Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունները: Հյուսիսային Կորեայի նախադեպը դա է հուշում։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am