1000х90.jpg (78 KB)

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարաններ կկառուցի

Armenpress 21:10, 20 Հունիս, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամին, բնակարաններ կառուցելու նպատակով,  կհատկացվի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Գործարանային փողոց N 2/6 հասցեի շինությունը:   Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը հունիսի 20-ին  կայացած  Գյումրու  ավագանու  արտահերթ  նիստի ժամանակ, Գյումրու ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Գործարանային փողոց N 2/6 հասցեի շինությունը  «Հայաստան» համահայկական հիմնադրամին  անհատույց տրամադրելու որոշմանը: 

Այսպիսով՝ ավագանին   ուժը  կորցրած ճանաչեց կառույցը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը հատկացնելու՝  ավագանու  անցած տարվա որոշումը: Կառույցն անցած տարի   99 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էր «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը՝ արհեստագործական կենտրոնի վերածելու նպատակով: Մեկ տարի շարունակ որեւէ ներդրում շենքի հետ կապված չէր եղել: Ամիսներ առաջ էլ նույն շենքի դիմաց գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքը տրվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այդ շենքում 50 բնակարան կկառուցվի  ևս 50-ը բնակարան նախատեսվում է  արդեն Գործարանային փողոց N 2/6 հասցեում:

«Մեկ տարվա ընթացքում ընկերությունը պետք է սկսած լիներ նախագծային աշխատանքներ, պայմանագրեր պետք է կնքած լիներ կողմերի, բնակիչների հետ, սակայն այս պարտականություններից եւ ոչ մեկը ընկերությունը չի կատարել, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Մեր Գյումրի» խորագրով ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է Գյումրի քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման (ամրացման-վերականգնման) արդյունքում շենքերի բնակարանները հատկացնել անօթեւանության կարգավիճակ ունեցող ընտանիքներին»,-նշեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Ըստ որոշման, շենքը մնում է համայնքին՝  Հիմնադրամին տալով անհատույց  օգտագործման իրավունք:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am