1000х90.jpg (78 KB)

ՀՀ ՄԻՊ-ը և Իրանի ՓՊ նախագահը հայտնել են մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ համագործակցության ընդլայնման պատրաստակամություն

Armenpress 19:41, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությանը, որին ուղեկեցել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արման Թաթոյանը կարևորել է անկախ փաստաբանության դերը մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում՝ կարևորելով Հայաստանի Փաստաբանների պալատի գործունեությունն ու համատեղ աշխատանքը:

Նա ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, անդրադարձել փաստաբանների հետ համագործակցության հարցերին:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ փակ հաստատություններում չհայտարարված այցերի ժամանակ մշտապես մեծ ուշադրություն են դարձնում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների իրավունքների երաշխավորմանը՝ նրանց օրինական պահանջմունքներին, այդ թվում՝ կրոնական համոզմունքներին համահունչ:

Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին ներկայացրել է իրենց երկրում փաստաբանների աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության գործում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցություն մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am