Անշարժ գույքի շուկան ուսումնասիրել և կադաստրային արժեքը մոտեցրել ենք շուկային. Սարհատ Պետրոսյան

Armenpress 19:28, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն անդրադարձավ անշարժ գույքի ոլորտին և շուկայում առկա գներին: «Մենք ունենք կադաստրային գներ անշարժ գույքին վերաբերող, որոնք հնացած են: 2002 թվականին են կատարվել վերջին շտկումները: Մենք ուսումնասիրել ենք շուկան և դրանց հիման վրա կադաստրային արժեք հասկացությունը, որը էականորեն զիջում է շուկայում եղած թվերին, մոտեցրել ենք շուկային»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պետը:

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ 2018 թվականի Հայաստանի ողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք, դրան ավելացվել են կադաստրում եղած հավաստի տվյալները և դրանց վերլուծության արդյունքում ստացել են լրիվ այլ պատկեր: Նա նշեց, որ գնահատումը հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ է եղել, սակայն հիմնական մասը` հեղափոխությունից հետո:

«Այսօր Երևանի կենտրոնում անշարժ գույքի շուկայական արժեքը հինգ հազար դրամով ավելին է, քան այն արժեքը, որ ֆիքսել ենք հիմա: Եթե շուկայում լինեն մեծ տատանումներ, մենք դա կվերանայենք»,-ասաց նա և նշեց, որ եթե շուկայում գները ընկնեն 25 տոկոսով, ապա գինը կիջեցնեն 25 տոկոսով:

Նա պարզաբանեց, որ սա դեռևս անշարժ գույքի հարկը չէ: «Նախագիծը ենթադրում է, որ գույքահարկ այլևս չպետք է լինի ընդհանրապես՝ անշարժ գույքի միասնական հարկ է լինելու»,-ասաց նա և նշեց, որ դրույքաչափի վերաբերյալ ինքը չի կարող որևէ բան ասել, սակայն իր անձնական դիրքորոշմամբ` կառավարությունը պետք է այնպես անի, որ ռիսկային խավի վրա ճնշում չլինի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am