Ստացվում է, որ դեսպաններին բաժանում ենք երկու «սորտի». Փաշինյանը հանձնարարեց շարունակել դեսպանների նշանակման կարգի նախագծի շուրջ քննարկումները

Armenpress 17:56, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է և «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ իրենց համար ընդունելի է նախագծով առաջարկվող դրույթները:

«Խոսքը դեսպանների նշանակման կարգի մասին է: Մասնավորապես, առաջարկվում է քաղաքական նշանակումների թիվը սահմանափակել դեսպանների ընդհանուր թվի 15 տոկոսով, իսկ կարիերային դեսպանների դեպքում որպես պարտադիր նախապայման առաջարկվում է 15 տարվա աշխատանքային ստաժ: Մենք առաջարկում ենք 10 տարի: Բացի այդ, քաղաքական նշանակումների դեպքում ԱԺ-ին իրավունք է վերապահվում տալ խորհրդակցական կարծիք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպես է պրակտիկայում տեղի ունենում այդ գործընթացը. «Եկեք պատկերացնենք, գաղտնիության ռեժիմում ԱԳՆ-ն տալիս է առաջարկ, վարչապետը գաղտնիության ռեժիմում համաձայնություն է տալիս: Հետո դիմում են հավատարմագրող կողմին, հետո համաձայնությունը գալիս է, հետո ի՞նչ է տեղի ունենում: Ո՞ր փուլում է ԱԺ հանձնաժողովը տեղյակ լինում: Ստացվում է, որ վարչապետը իր մտադրության մասին պետք է տեղյակ պահի հանձնաժողովին»,- «Արմենպրես»-ի փոխանմամբ,ասաց վարչապետը՝ հավելելով, որ 10 տարի ստաժ ունեցող անձին դեսպան նշանակելիս եւս կարող են հարցեր ծագել:

ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը նշեց. «Նվազեցնելով քաղաքական նշանակումների թիվը մենք հնարավորություն ենք տալիս կառավարությանը 7-8 քաղաքական նշանակում կատարել»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը. «Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք: Տպավորություն է, որ պետք է ասենք շնորհակալություն, որ կառավարությանը այդ հնարավորությունը տալիս եք»:

Փաշինյանը նաև նշեց, որ ստացվում է այնպես, որ եթե ասենք մարդը ԵԽԽՎ-ում 15 տարի եղել է հայկական պատվիրակության անդամ, նրան ասում ենք՝ պետք է գնաս ԱԺ հանձնաժողովը կարծիք տա քո մասին, իսկ մեկը, որ 10 տարի աշխատել է որևէ դեսպանությունում օրինակ, որպես կցորդ, իր դեպքում ասում ենք՝ հանձնաժողովը քեզ հարցեր չունի: «Այսինքն` այստեղ խտրական մոտեցում կա, ինչն անթույլատրելի է: Եթե անցնում ենք խորհրդարանական ֆիլտրով, ուրեմն բոլորն են անցնում, թե չէ ստացվում է, որ ի սկզբանե դեսպաններին բաժանում ենք երկու սորտի»,- նկատեց  վարչապետը:

Որոշումն ընդունվեց, սակայն վարչապետը հանձնարարեց հարցը ևս մեկ անգամ քննարկել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am