Փաշինյանը վստահեցնում է՝ բանակցությունների շրջանակում չկա մի հանդիպում, որում չքննարկվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման

Armenpress 20:21, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը բանակցությունները վարում է Ստեփանակերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում: Չի կարող լինել բանակցային մի որևէ  խոսակցություն, որ այդ շրջանակում չլինի, չբարձրացվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության  անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին:

Արման Աբովյանը հետաքրքրեց, թե որ փուլում են Արցախը բանակցային սեղան վերադարձնելու բանակցությունները:

«ԱԳ նախարարն ԱՄՆ-ում է և պետք է հանդիպում ունենա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Բանակցությունների ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք խանգարում են հետագա բանակցություններին, կբարձրացվեն: Չկա մի հանդիպում, որի ընթացքում չի քննարկվում Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեման: Մենք բանակցությունները վարում ենք Ստեփանակերտում մարտի 12-ին Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում: Այսինքն, չի կարող բանակցային մի որևէ  խոսակցություն լինել, որ այդ շրջանակում չլինի։ Հետևաբար՝ բոլոր հանդիպումներում այդ հարցը քննարկվում է»,-ասաց նա։

Նա վստահեցրեց, որ Հայաստանն ու Արցախն ի վիճակի են պաշտպանել  իրենց, իրենց շահերը՝ ինչպես դիվանագիտական հարթակում, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, առաջնագծում: Փաշինյանը նշեց՝ այդ ընթացքում դա ապացուցել ենք և կշարունակենք ապացուցել:

Փաշինյանի խոսքով՝  ՀՀ Զինված ուժերը բնականոն զարգացման փուլ են մտել: Իր ներկայացրած 100 փաստում ևս կարելի է տեսնել, թե ինչ գործողություններ են արվում բանակաշինության ոլորտում: Նա խորհրդարանի քաղաքական աջակցությունը կարևոր համարեց: «ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծման և գործունեության կարևոր նպատակներից  մեկը մեր զինված ուժերի հետագա զարգացումը խթանելն ու արագացնելն է, և այդ արագացումն առավել արդյունավետ դարձնելը, որպեսզի մենք համոզվենք, որ անցյալ տարիների պատմությունից արել ենք ճիշտ հետևություններ, և դրանց հետևել են դրանից բխող ճիշտ գործողություններ»,-ասաց վարչապետը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am