Արմեն Սարգսյանն իտալական հայտնի «Լեոնարդո» ընկերության ղեկավարների հետ քննարկել է ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Armenpress 17:56, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում այսօր այցելել է իտալական հանրահայտ «Լեոնարդո» ընկերության տաղավար:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Լեոնարդո» ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին են ներկայացրել ցուցադրվող իրենց արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները:

Նախագահ Սարգսյանն այնուհետև առանձնազրույց է ունեցել «Լեոնարդո» -ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:

Պաշտպանության և անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության ու աերոտիեզերական արդյունաբերության մեջ մասնագիտացած «Լեոնարդո» ընկերությունն իր արտադրությունում լայնորեն կիրառում է բարձր տեխնոլոգիաները, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղության զարգացմանը:

Նախագահ Սարգսյանն ընկերության ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am