Գլխավոր դատախազը հուսով է, որ Մարտի 1-ի գործը քննող դատավորը բարոյական և հոգեբանական ճնշումների չի տրվի

Armenpress 12:13, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ,19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը   սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից  դատաքննությունը արհեստականորեն ձգձգելու միտում է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ՝ Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքների վերաբերյալ նիստից հետո Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե գործը ձգձգելու միտումը շարունակվի նախագահող դատավորը պետք է դրան արձագանքի և գործադրի անհրաժեշտ գործիքակազմ:

«Ես խնդրեցի, որպեսզի դատարանը արձագանքի դրան անհրաժեշտ պահին, դիտարկելով դա որպես իրավունքներից օգտվելու անբարեխիղճ կամ չարաշահման դրսևորում: Միտումն ակնհայտ է: Եթե դուք նկատեցիք, նախորդ դատական նիստը, որը տևել է շուրջ 2.5-3 ժամ, ինչ-որ հարց ու պատասխանի էր վերածվել այն դեպքում, երբ առնվազն պրոֆեսիոնալ իրավաբաններիս համար ակնհայտ է գործի քննության ընթացակարգը: Յուրաքանչյուրս պետք է իմանանք՝ դառնալով դատախազ և փաստաբան, թե որ պահին  խոսելու իրավունք ունենք և թե, որ պահին լսելու իրավունք ունենք: Սրա շուրջ 2.5-3 ժամ ծավալել քննարկում. ինչի մասին է սա վկայում»,- ընդգծեց Դավթյանը՝ նշելով, որ հունիսի  18-ի դատական նիստի ընթացակարգերի վերաբերյալ պարզաբանումներից հետո պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմք ընդունելով երեկվա ծավալված քննարկումները, որը նույնպես վկայում է նիստը ձգձգելու մասին:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուսով է, որ Մարտի 1-ի գործը քննող դատավորը բարոյական և հոգեբանական ճնշումների չի տրվի: Նա նշեց, որ դատավորը այս պահի դրությամբ որևէ ընթացակարգային խախտումներ թույլ չի տվել, իսկ եթե տրված լիներ` մեղադրյալ կողմը իր դիրքորոշումը կհայտներ:

Նա խորհրդանշական է համարում պաշտպանական կողմի և հատկապես Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները՝ ուղղված դատավորին՝ այն մասին, որ յուրաքանչյուրն իր կատարած արարքի համար պատասխան է տալու: «Ես դա շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի արտահայտություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրված հանցանքների կատարման պահին հանրապետության նախագահ հանդիսացած անձը: Կարծում եմ, որ սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների մասին»,- ասաց Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազի կարծիքով` պաշտպանական կողմը դա անում է ակնհայտորեն այլ նպատակով և ոչ միայն դատական նիստի ընթացքում: Ըստ Դավթյանի` նրանք ամենատարբեր տեղեկատվական հոսքերով փորձում են բարոյական և հոգեբանական   ճնշումներ գործադրել:

«Այդ արտահայտությունը, որ յուրաքանչյուրը պատասխան է տալու, իրենք մոռացել են, որ վերաբերում է հանցանք կամ իրավախախտում կատարելու դեպքում պատասխան տալուն, և որևէ պաշտոնյա, ով բարեխղճորեն իր գործն է կատարել, նա անհանգստանալու խնդիր չունի»,- եզրափակեց Դավթյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Քոչարյանի կալանքը փոխելու և անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, ապա նաև քրեական գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության և մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների բողոքի քննությունը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am