ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը. Ջոն Բոլթոնը՝ Մնացականյանի և Մամեդյարովի հետ նախատեսվող հանդիպումների մասին

Armenpress 11:01, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադարձել է  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ Վաշինգտոնում նախատեսվող հանդիպումներին:

«Անհամբերությամբ սպասում եմ շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին, որպեսզի խրախուսեմ նրանց միջև երկխոսության շարունակումը: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բոլթոնը: Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը: ՀՀ ԱԳՆ տարածած մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնում հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am