Աշոցքում նախատեսվում է հիմնել դահուկային սպորտի և ձմեռային տուրիզմի ակադեմիա

Armenpress 21:58, 18 Հունիս, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշոցքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի և դահուկավազքի կենտրոն. առաջիկայում նախատեսվում  է այստեղ բացել դահուկային սպորտի և ձմեռային տուրիզմի ակադեմիա: Այս  մասին «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:

«Մենք ծրագիր ունենք՝ Հայաստանում ստեղծել դահուկային սպորտի և ձմեռային տուրիզմի ակադեմիա: Ակադեմիան ոչ ֆորմալ կրթություն է տալու, այսինքն՝ երկու ուղղություն է ունենալու. մարզիչների, հրահանգիչների պատրաստում, ինչպես նաև ապագա տաղանդավոր օլիմպիական դահուկորդների մարզում և մրցումների մասնակցություն: Նմանատիպ ակադեմիա Հայաստանում չկա»,-նշեց Գագիկ Սարգսյանն՝ առանձնացնելով այն հնարավորությունները, որ  ունի  Աշոցքը:

Եվրոպական միության աջակցությամբ այս տարվա  հունվարին Աշոցքում բացվեց Դահուկավազքի կենտրոն։  Ավելի  ուշ   նույն միջոցներով, կենտրոնում շահագործման հանձնվեց կեցության սենյակ՝ դահուկորդների և զբոսաշրջիկների համար: «Մենք ունենք մոտ 15 հոգու համար նախատեսված կեցության վայր, նաև՝ սննդի հնարավորություն։ Սկզբի համար լրիվ բավարար է։ Իհարկե, պետք է մտածել զարգացնելու մասին, նաև՝ մեծացնելու թե՛ աշխարհագրությունը, թե՛ ենթակառուցվածքները և թե՛ միջազգային ասպարեզ դուրս գալը», - հավելեց Գագիկ Սարգսյանը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am