Վայոց Ձորը կունենա արևային նոր էլեկտրակայան Եվրոպական միության աջակցությամբ

Armenpress 18:13, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքում կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում կառուցվող արևային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից, այս միջոցառումը մեկն էր ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2019 նախաձեռնություններից, որոնց ընթացքում կանցկացվեն Կայուն էներգիայի օրեր Հայաստանում՝ պատանեկան միջոցառումների, ինտելեկտուալ քվեսթների, արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների բացման, կենսագազի գործարանի մեկնարկի, կայուն ջերմատների բացման, ինչպես նաև այլ հետաքրքիր միջոցառումների միջոցով:

«Այս ծրագիրը էներգետիկ արդյունավետությանն ուղղված բարեփոխումների և վերականգնվող էներգիայի աղբյուրների ուղղությամբ ներդրում կատարելու ԵՄ հանձնառության վառ օրինակն է՝ կառավարության հետ ակտիվ համագործակցությամբ էներգետիկ շուկայի հնարավորությունները ընդլայնելու նպատակով», հիմնարկեքի արարողության բացման ելույթում նշեց   ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Միջոցառմանը ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը ներկայացուցիչներ կառավարությունից և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև համայնքի բնակիչներ և ծրագրի շահառուներ:

Այս ծրագրի նպատակն է Վայոց ձորում  խթանել զբաղվածությունը՝ բարելավելով ՓՄՁ-երի մրցունակությունը զբոսաշրջության ոլորտում: Այն կիրականացվի շրջակա միջավայրի պաշտպանության և ֆինանսական կայունության փորձի խթանման, մասնավորապես՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների և էներգիայի արդյունավետ օգտագործման և էկոտուրիզմի համատեղ զարգացման արդյունքում:

Էներգետիկ արդյունավետությունը Եվրոպական միության առաջնահերթություններից մեկն է Հայաստանում: Էներգիայի և էներգարդյունավետության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերով, այդ թվում Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակներում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերով Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում, ինչպես նաև գործընկերների աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններով տրամադրվում են էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումներ՝ ՀՀ ամբողջ տարածքում:

Էներգետիկ արդյունավետությունը հանդիսանում է տնտեսությանն աջակցելու առավել արդյունավետ գործիքներից մեկը, որը միաժամանակ նպաստում է կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին: Ազգային մակարդակում, էներգաարդյունավետությունն օգնում է էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, էներգետիկ ծախսերի նվազեցմանը, ֆինանսական  միջոցների ազատմանը՝     այլ ոլորտներում ծախսեր իրականացնելու նպատակով,  էներգետիկ պահանջարկի աճի տեմպերի դանդաղեցմանը: Մի շենքի մասշտաբով էներգետիկ արդյունավետությունն ապահովում է մատչելի  կոմունալ ծախսեր,  բնակելի շենքի ավելի երկարատև շահագործում և շենքի ներսում հարմարավետության բարձրացում:

Ավելին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ 2019 նախաձեռնության մասին.

Հայաստանում՝ bit.ly/2KhFI4P

ԵՄ և ԱլԳ երկրներում՝  https://bit.ly/31ztlq

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am