Մասնագետները հերքում են վարակված ծիրանի բերքի առկայության մասին լուրերը

Armenpress 18:04, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում սնկային հիվանդություններով վարակված ծիրանի բերք չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ոլորտի մասնագետները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության վարչության մասնագետ Սիմոն Ասատրյանի խոսքով՝ այս հարցով խուճապի մատնվելու խնդիր չկա:

«Այն ֆերմերը, որը հետևել է մասնագետների խորհրդին, այն ֆերմերը, որը հիվանդությունների և վնասատուների դեմ աշխատանքները կատարել է ճիշտ ժամանակին, նրա բերքը բարձր որակի է»,- ասաց Ասատրյանը:

Գյուղատնտես, բույսերի պաշտպան Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ սպառողները նույնպես կարող են չանհանգստանալ, որովհետև վարակված բերքը շուկայում չի հայտնվի:

«Եթե խնդիր լինի, այդ ապրանքը շուկա չի հասնի: Սպառողը այդպիսի ապրանք գնելու կարիք չի զգա»,- նշեց Գաբրիելյանը:

Ֆերմերներին անվճար խորհրդատվություն տրամադրող «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Նվարդ Շահմուրադյանը նշեց, որ ծիրանի արտահանման հետ կապված ևս խնդիրներ չեն առաջանա:

«Որակի առումով ևս խնդիր չենք ունենա արտահանման հետ կապված: Մենք նորից կարտահանենք որակյալ, համեղ և քաղցրահամ ծիրան»,- ասաց Շահմուրադյանը:

Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, որ ծիրանի այգիներում անհայտ հիվանդություն է տարածվել, որը փչացնում է բերքը:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am