Քանի դեռ չկա իրական ներդրումային առաջարկ, անընդունելի է շահարկել «Նաիրիտի գործարանի» պարտքի զիջման մեխանիզմների հարցը. Սերժ Վարագ Սիսեռյան

Armenpress 18:03, 18 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հայտարարություն է տարածել  «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը «Փաստ» թերթում տպագրված «Նաիրիտն աճուրդով կվաճառվի. գործարանի համակարգող խմբին քննարկմանը չեն հրավիրել» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հայտնում է գործընթացի շուրջ առկա իրավիճակի մանրամասները. 
«Հունիսի վերջին կայանալիք աճուրդը օրենքի պահանջ է, սակայն կառավարության ջանքերով հաջողվել է աճուրդի իրականացման նախապայման սահմանել գործարանի արտադրական մասի, շեշտում եմ, ամբողջական վերագործարկման համար բիզնես ծրագրի ներկայացումը, որը պետք է քննարկվի ոչ միայն կառավարչի, այլ նաև ՀՀ կառավարության կողմից: Սա հնարավորություն է տալու բացառել գործարանի, ինչպես հոդվածագիրն է նշում, «մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը»: Նման բիզնես ծրագիր կառավարություն ներկայացնելու դեպքում՝ կհրավիրվեն նաև համակարգման խմբի մասնակիցները իրենց կարծիքները ներկայացնելու համար:Ինչ վերաբերում է նախորդ հանդիպմանը, ապա դա եղել է պարտատերերի խորհրդի անդամների խորհրդակցություն, որին համակարգման խումբը չի անդամակցում: Ավելին, համաձայն 15.05.2019թ. Համակարգման խորհրդի՝ Կառավարությունում կայացած խորհրդակցության արձանագրության՝ որոշվել է, որ համակարգման խմբի անդամները պետք է ներկայացնեն իրական ներդրող՝ իր բիզնես ծրագրով, որից հետո միայն քննարկումները կշարունակվեն: Կարծում եմ՝ բանական մտածողությունը այսքանից հետո չի կարող որևէ հարցադրում ներկայացնել հանդիպմանը այս կամ այն անձանց մասնակցելու վերաբերյալ:Քանի դեռ չկա իրական ներդրումային առաջարկ, անընդունելի է շահարկել «Նաիրիտի գործարանի» պարտքի զիջման մեխանիզմների հարցը»,- ասված է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարի հայտարարության մեջ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am