Դեսպան Մկրտչյանը ելույթ է ունեցել «Ժողովրդավարությունների համայնք» կազմակերպությանկառավարող խորհրդի 30-րդ հանդիպմանը

Armenpress 21:57, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հունիսի 14-ին մասնակցել է «Ժողովրդավարությունների համայնք» (Community of Democracies) կազմակերպության կառավարող խորհրդի 30-րդ հանդիպմանը։ Հայաստանը, մի շարք այլ երկրների հետ միասին, հրավիրված է եղել որպես դիտորդ։   Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, օրակարգի 11-րդ՝ «Ժողովրդավարական ճկունության օրինակներ (Examples of Democratic Resilience)» կետի շուրջ Սամվել Մկրտչյանը հանդես եկավ ելույթով։   ՀՀ դեսպանը հանգամանալից անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը և դրա ակունքներին, իրականացված և ընթացքում գտնվող բարեփոխումներին, քաղաքական գործընթացների և քաղաքացիական հասարակության փոխգործակցությանը, 2018թ․ դեկտեմբերին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններին, քաղաքական նոր իրողություններին համահունչ դատաիրավական ոլորտի վերափոխման անհրաժեշտությանը, ինչպես նաև՝ առկա մարտահրավերներին։   «Ժողովրդավարությունների համայնքի» Կառավարող խորհուրդն ունի 29 անդամ պետություն՝ տարբեր մայրցամաքներից: Կառավարող խորհրդի հանդիպումները տեղի են ունենում տարեկան երկու անգամ: Քննարկումներն ընթանում են ՄԱԿ-ի անդամ 106 պետությունների կողմից 2000թ. Վարշավայում ընդունված հռչակագրի թվով 19 սկզբունքների համաձայն՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և չափանիշների վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Վարշավայի հռչակագրի ստորագրած կողմ և կազմակերպության դիտորդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am