1000х90.jpg (78 KB)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Armenpress 21:42, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն  հունիսի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ դատական համակարգում առկա են հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Մասնավորապես, առկա են խնդիրներ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության պակասի հետ և այլն։

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այս ոլորտին վերաբերող հարցերը գտնվում են իր ամենօրյա ուշադրության ներքո և պատրաստակամ է աջակցել Կառավարությանն ու Ազգային ժողովին բարեփոխումների հարցում: Նա նաև կարևորել է քաղաքացիական հասարակության դերն այս բոլոր գործընթացներում և պատրաստակամություն հայտնել խթանել նաև նրանց մասնակցությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում բարեփոխումների ու իրավունքի գերակայության ամրապնդման հարցերում:

Գաբրիելա Բատաինի–Դրագոնին ներկայացրել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. գործողությունների ծրագրի ուղղությունները և կարևորել Մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը երկրում մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am