Արցախի պետնախարարն անցկացրել է համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն

Armenpress 13:47, 17 Հունիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 17-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը շեշտել է մարզական խոշոր միջոցառման կարևորությունն Արցախի մարզական ու սոցիալ-տնտեսական կյանքում՝ ընդգծելով բարձր մակարդակով 7-րդ ամառային խաղերը հյուրընկալելու  արցախցիների պատրաստակամությունը: Պետական նախարարն, ըստ այդմ, շեշտել է կազմակերպչական աշխատանքները համակարգված իրականացնելու, խնդիրներին օպերատիվ արձագանքելու և փոխգործակցության անհրաժեշտությունը:

Զեկուցմամբ հանդես է եկել աշխատանքային խմբի ղեկավար, համահայկական խաղերի միջազգային կոմիտեի անդամ Վարդան Բալայանը: «Օգոստոսի 6-ին խաղերի բացման արարողությունն, իսկ 7-ին և 8-ին մարզական միջոցառումների անցկացումը Արցախ է բերելու ավելի քան 4000 մարզիկ՝ շուրջ 190 երկրից: Այս օրերին աշխատանքներ են տարվում մարզիկների ու հյուրերի գիշերակացն ու ժամանցն ապահովելու համար: Առկա հյուրատները, զբոսաշրջային տներն ու մասնավոր հատվածի հետ բանակցությունները՝ կեցության վայրերը ժամանակակից պայմաններին համապատասխանեցնելու ուղղությամբ, շարունակվում են»,- տեղեկացրել է Վ. Բալայանը:

Շինարարական լրացուցիչ աշխատանքների, տրանսպորտային հարցերի, մշակութային միջոցառումների շուրջ պարզաբանումներով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:

Պետական նախարարը հանձնարարել է կարճ ժամկետներում առկա տեխնիկական հարցերի շուրջ հանդես գալ լրացուցիչ առաջարկություններով, ուշադրություն հրավիրել անվտանգության հատուկ միջոցառումների անցկացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am