1000х90.jpg (78 KB)

Արարատ Միրզոյանը հուսով է, որ Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ ուղարկված ծանուցագրով կներկայանա հարցաքննության

Armenpress 14:42, 16 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուսով է, որ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ ուղարկված ծանուցագրով կներկայանա հարցաքննության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ես մեծ հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը, ինչպես և ՀՀ բոլոր քաղաքացիներն, ովքեր կստանան ծանուցագիր, կներկայանան այն վայրն այն ժամին, որը նշված կլինի այց ծանուցագրում: Բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են»,-ասաց Միրզոյանը:

Հունիսի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենան հրկիզելու գործով հրավիրվել է հարցաքննության, որին սակայն չի ներկայացել: Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը հայտարարել էր, որ իրեն այս գործով հարցաքննության հրավիրելը վիրավորական է համարում:

Հունիսի 15-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության:

2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչական խումբ: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am