Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննելու Քոչարյանի գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը

Armenpress 11:46, 14 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքի գործով դատավոր Արմեն Դանիելյանին պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ժամը 15:15-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատավոր Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները, միջնորդությանը միացել է նաև Յուրի Խաչատուրովի պաշտպանը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Վերաքննիչ քրեական դատարանում հունիսի 14-ին անցկացվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննության դատական նիստը:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am