Ճապոնական օրիգամի 1000 կռունկները հույս ու սեր կտան Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին

Armenpress 18:11, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հունիսի 12-ին կայացավ «Լույսի կռունկներ» ծրագրի շրջանակներում 1000 կռունկների նվիրատվության արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշեց, որ օրիգամի տեսակի թղթից պատրաստված կռունկները Ճապոնիայում իրենց մեջ երջանկության խորհուրդ են կրում: «Այս կռունկների միջոցով մենք փորձում ենք կենտրոնում բուժում ստացող երեխաներին բերել իրենց երջանկությունը: Պատրաստելով կռունկներ և տրամադրելով դրանք՝ մարդիկ փորձում են իրենց աջակցությունն ու հոգածությունը ցույց տալ երեխաներին»,-նշեց դեսպանը:

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, կարևորելով նախաձեռնությունը, նշեց, որ այն հուսադրում և նորից ուշադրության կենտրոնում է պահում մեր երեխաներին: «Կռունկների մի մասը պատրաստվել է Դիլիջանի դպրոցում, մի մասը «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնում, մի մասն էլ արյունաբանական կենտրոնում կպատրաստվի»,-ասաց նա:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն էլ, ներկայացնելով ճապոնական օրիգամի կրունկների լեգենդը, նշեց, որ այն նվիրված է Հերոսիմայի և Նագասակիի աղետից հետո լեյկեմիայով հիվանդացած երեխաներին: «Աղետից հետո երեխաներից մեկը որոշել է, որ կռունկներ պետք է պատրաստի և ուղարկի տարբեր վայրեր, իսկ հազարերորդ կռունկն ուղարկելուց հետո պետք է առողջանա»,-պատմեց նա:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Սադակոն հավատում էր ճապոնական լեգենդին, ըստ որի` եթե թղթից հազար կռունկ ծալես, ապա երազանքդ կիրականանա: Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության ժամանակ (1945 թ.) Սադակոն ընդամենը 2 տարեկան էր: Ռմբակոծության հետեւանքներն ի հայտ եկան 10 տարի անց, երբ 12-ամյա Սադակոն լեյկեմիայով հիվանդացավ: Նա հիվանդանոցում սկսեց կռունկներ պատրաստել ձեռքի տակ եղած բոլոր թղթերից, նույնիսկ դեղերի տուփերից ու դեղատոմսերից` երազելով առողջանալու մասին, բայց 644-րդ կռունկը պատրաստելուց հետո մահացավ: Ընկերներն ավարտեցին աղջկա սկսածը` կռունկների թիվը հասցնելով 1000-ի, եւ Սադակոյին հուղարկավորեցին այդ կռունկների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am