ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Չեխովի փողոցում անչափահասին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ

Armenpress 17:27, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Չեխովի փողոցում անչափահասին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը. 

««Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկն ահազանգել էր Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի ծեծելու մասին։ Սոցիալական ցանցում դեպքը լայն արձագանք էր ստացել։

Հայտնում ենք, որ հունիսի 11-ին, ժամը 11.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «շտապօգնության» խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Սիլիկյան թաղամասում ապրող 16-ամյա մի պատանու։

Հիվանդանոց էին մեկնել բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն ու տուժողից հաղորդում ընդունել։Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում Շենգավիթի ոստիկանները պարզել են կատարվածի հանգամանքներն ու երիտասարդին մարմնական վնասվածքը պատճառած անձի ինքնությունը։ Բացատրական աշխատանքների արդյունքում 18-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։

Նախնական տվյալներով՝ երիտասարդները վիճել էին կենցաղային հարցերի շուրջ»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am