1000х90.jpg (78 KB)

Արայիկ Հարությունյանը պարզաբանել է Հայոց լեզվի և գրականության միասնական քննության թեստերի փոփոխության մասին լուրերը

Armenpress 16:47, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց լեզվի և գրականության միասնական քննության թեստերում միայն որոշ բովանդակային փոփոխություններ են կատարվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Անընդհատ խոսվում է, որ թեստերը փոխվել են, երեխաների համար առաջադրանքները փոխվել են, ամենևին այդպես չէ, առաջադրանքները եղել են նույնը, բայց որոշ տոկոսով փոխվել է բուն բովանդակությունը: Օրինակ՝ բեռնատարի փոխարեն գրվել է մարդատար, եթե սրա արդյունքում մեր դիմորդն ունենում է խնդիր, սա վերհանում է անգիրի խնդիրը, որը մենք ունենք: Մեր աշակերտներին սովորեցրել են անգիր, և սրա արդյունքում մենք ունեցել ենք կտրված դիմորդների թվի աճ, բայց, եթե նախորդ տարի դա 16.5% է, այս տարի 19.5% է, սա ցույց է տալի, որ ամբողջ համակարգը հիմնված է եղել անգիրի վրա, և թեստերում փոփոխությունները միտված են եղել նրան, որ մենք իրականում բացահայտենք մտածող և ստեղծագործով աշակերտներին, և լավագույնները կարողանանային անցնել բուհեր»,- ասաց Հարությունյանը:

Հայոց լեզվի և գրականության պետական միասնական քննության արդյունքներով 5370 դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045-ը (մասնակիցների 19,5 տոկոսը): Այս տարի միջին միավորը 11.6 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը 493 է (մասնակիցների 9, 2 տոկոսը):

2018 թվականին  հայոց լեզվի և գրականության պետական միասնական քննությանը մասնակցել էր 2715 դիմորդ: Միջին միավորը եղել է 12,2, 7,5-ից ցածր միավոր հավաքածների  թիվը  435 էր, իսկ 18-20 միավոր հավաքել էր 386 դիմորդ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am