Փորձագետն ադրբեջանական զորավարժություններում նկատում է ԼՂ հակամարտության միակ լուծումը պատերազմը ներկայացնելու փորձ

Armenpress 16:14, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2016թ. պարբերաբար իրականացվող տարատեսակ զորավարժությունները «Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը համարում է Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ լուծումը պատերազմը ներկայացնելու փորձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հովհաննիսյանն ասաց հունիսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ադրբեջանի բանակը 2016թ. սկսած տարեկան 2-3 խոշոր զորավարժություն է իրականացնում: Այս տարի նման երկու զորավարժություն է դեռ անցկացվել: 2016թ. սկսած այս զորավարժություններն ինտենսիվացնելու որոշակի միտում նկատվում է: Նկատվում է նաև, որ Ադրբեջանը հարձակողական բնույթի զորավարժություններ է փորձում խաղարկել, այսինքն՝ սա ցույց է տալիս, որ իրենք իրենց մարտավարությունը չեն փոխել: Իրենք մինչ այժմ էլ դիտարկում են հավանական հնարավորության դեպքում ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու հարցը, և որևէ պայմանավորվածություն պատրաստ չեն իրականացնելու: Իրենց գործողություններով տեղեկատվական դաշտում ևս փորձում են ցույց տալ, որ պատերազմը հակամարտության լուծման միակ ելքն է: Նրանք փորձում են տեղեկատվական դաշտում նախապատրաստել, միշտ այդպես են անում ցանկացած գործողությունից առաջ: Եթե զգան, որ արագ ժամանակում կարող են հաջողության հասնել, ապա չեն վարանի»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հունիսի 7-11-ը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում անցկացված Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժություններին, փորձագետը նշեց, որ նման զորավարժություն անցկացվել է նաև 2017թ. մայիսին: Ինչ վերաբերում է լարվածության վտանգին, Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ նման վտանգ միշտ առկա է, և անհրաժեշտ է զգոն լինել:

«Այս զորավարժությունը Թուրքիայի հետ 2017թ. մայիսին ևս իրականացվել էր, այսինքն՝ այս առումով մենք դեռ աննախադեպ ինչ-որ բան չենք տեսել: Եթե մենք ագրեսիայի որևէ նշույլ ֆիքսենք, բնականաբար պետք է այդ ամենի մասին հայտնենք, նաև բողոքենք, բայց, ըստ էության այդպես շատ հարց չենք կարող լուծել: Այստեղ միակ կարևոր խնդիրն այդ հատվածում մեր զինված ուժերն ամրացնելն է: Եթե նախկինում ավելի պասիվ էր Նախիջևանի ուղղությունը, վերջին 2-3 տարվա ընթացքում այն ավելի ակտիվանում է: Սա չի նշանակում, որ այդտեղից կարող են սկսվել ակտիվ ռազմական գործողություններ, բայց առնվազն նշանակում է, որ կարող է լարվածությունն աճել այդ շրջանում, ինչպես տեսանք անցյալ տարվանից հետո: Այստեղ մեր հիմնական խնդիրն է մեր ուժերին այնպես պատրաստելը, որպեսզի հնարավոր գործողության դեպքում կարողանանք շատ արդյունավետ պայքարել իրենց ուժերի դեմ: Ըստ էության մենք նկատել ենք նաև հենց Ադրբեջանի տարածքում անցկացվող խոշորամասշտաբ զորավարժությունների դեպքում, որ անգամ, եթե մենք Վիեննայի փաստաթղթին ենք հղում անում, նշում ենք, որ իրենք չեն հայտարարել և այլն, դա շատ մեծ հարցեր չի լուծում»,- նշեց Տարոն Հովհաննիսյանը:

Հունիսի 7-11-ը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: «Անսասան եղբայրություն 2019» զորավարժությանը մասնակցել է 5 հազար զինվոր, շուրջ 200 տանկ և հետևակի զրահապատ մեքենա, 180 հրթիռ և թնդանոթ, 21 ինքնաթիռ և ուղղաթիռ, ներգրավված են եղել այլ զինատեսակներ ևս: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am