1000х90.jpg (78 KB)

Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

Armenpress 15:46, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենայի հրկիզելու գործով հրավիրվել է հարցաքննության: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Գագիկ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել»,- ասաց Նաիրա Հարությունյանը:

Հարությունյանը նշեց, որ հարուցված քրեական գործով դեռևս կասկածյալներ չկան:

2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:  46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչական խումբ: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am