Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման նախորդ տարվա ծրագիրը չեղարկվել է. նախարարի պարզաբանումը

Armenpress 14:07, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի ափամերձ տարածքների անտառտնկարկների մաքրման նախատեսված ծրագիրը նախորդ տարի չի իրականացվել:  ՀՀ բնապահպանության նախարարության իրականացված հետազոտությունների նախնական արդյունքներով որոշակի համընկնումներ են հայտնաբերվել նախկինում արված և պլանավորված աշխատանքների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Սևանի ափամերձ տարածքների անտառտնկարկների մաքրման ծրագիրը չի իրականացվել, քանի որ մեր կողմից իրականացված հետազոտությունների նախնական արդյունքներով որոշակի համընկնումներ են հայտնաբերվել նախկինում արված և պլանավորված աշխատանքների հետ: Այդ պատճառով ստորագրված պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ չեղարկվել է: Եվ նոր տեխնոլոգիաներով՝ տիեզերական պատկերներով և դրոններով վերհանվել են իրական մաքրման ենթակա տարածքները,այդ աշխատանքներն արդեն ավարտվել են»,-ասաց նախարարն ու վստահեցրեց, որ համապատասխան բարձրությունից ունեն տարածքների մաքրման հստակ նկարագիրը:

Նախորդ տարի ՀՀ բնապահպանության նախարարության բյուջեն կազմել է 5 մլրդ դրամի, որից 1.7 մլրդ դրամը Գերմանական զարգացման բանկից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերն են: Շատ ծրագրեր իրականացվել են հենց դրամաշնորհային միջոցներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am