ՀՔԾ-ում քննարկվել են ծառայության 2020-2022թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ու 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը

Armenpress 12:51, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը, ասոցիացիայի և Հանրային խորհրդի ներկայացուցիչներն ու Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետները աշխատանքային հանդիպում են ունեցել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հատուկ քննչական ծառայության 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020 բյուջետային ֆինանսավորման հայտերը, ինչպես նաև դիտարկումներ են արվել ընթացիկ  ծրագրերի վերաբերյալ:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ ծառայությունն իր բյուջետային ծախսերը նախատեսում է իրականացնել  մի շարք ուղղություններով, այդ թվում` քրեական վարույթի իրականացման և վերապատրաստումներ ու հատուկ ուսուցումներ կազմակերպելու նպատակով:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ընդգծել է ծառայության արդիականացման և մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու հետ կապված ծախսերի ավելացման կարևորությունը ներկայիս հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում: Կարևորվել է նաև եվրոպական երկրներում գործող հակակոռուպցիոն մասնագիտացված ուսումնական հաստատություններում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման անհրաժեշտությունը:

Սասուն Խաչատրյանը նշել է, որ ներկայացված առաջարկությունները կարևոր են և կդիտարկվեն ծառայության կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am