Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուփսալա

Armenpress 12:16, 12 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում մեկնել է Ուփսալա քաղաք, որտեղ նախ այցելել է Ուփսալայի համալսարանի գրադարան: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից,  Ուփսալայի համալսարանի փոխնախագահ Անդերս Մալբերգը եւ գրադարանի տնօրեն պրոֆեսոր Լարս Բուրմանը հայկական պատվիրակությանը ծանոթացրել են գրադարանում պահվող հայկական միջնադարյան ձեռագրերին եւ հնատիպ գրքերին: Քննարկվել են Ուփսալայի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ համագործակցության հեռանկարները:

Ուփսալայի տաճարում ավագ քահանա Աննիկա Ադերբրանտը ներկայացրել է տաճարի պատմությունը, որից հետո պատվիրակությունը մեկնել է Ուփսալայի ամրոց, որտեղ հանդիպել է Ուփսալայի նահանգապետ Գորան Էնանդերի եւ տիկնոջ՝ Մոնիկա Սարստանդի հետ:

Ամրոցում տեղի է ունեցել ջերմ հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

Օրվա ավարտին Ուփսալայի քաղաքապետ տիկին Եւա Էդվարդսոնի անունից ԱԺ նախագահի պատվին տրվել է պաշտոնական ընթրիք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am