Հոնկոնգի խորհրդարանը հետաձգեց արտահանձնման մասին օրենքի քննարկումը

Armenpress 10:12, 12 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի Օրենսդրական խորհուրդը որոշել Է հետաձգել ՉԺՀ-ի հետ արտահանձնման մասին օրենքի քննարկման համար նիստի անցկացումը բողոքի բազմահազարանոց ակցիայի ֆոնին, որն ընդգրկել Է քաղաքի կենտրոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RTHK ռադիոկայանը: Խորհրդարանի քարտուղարությունում չեն ճշտել, թե ինչ ժամկետով կարող Է հետաձգվել նստաշրջանը: Ավելի վաղ Հոնկոնգի փողոցներ են դուրս եկել տասնյակ հազարավոր ցուցարարներ, որոնք դեմ են արտահայտվում օրինագծին: ՏԱՍՍ-ի թղթակցի վկայությամբ, հանրահավաքի մասնակիցները լցվել են կառավարական համալիրին եւ Օրենսդրական խորհրդին հարող փողոցները Ադմիրալտիի շրջանում: Մարդկանց բազմություններն արգելափակել են տրանսպորտի երթեւեկությունը, ինչի հետեւանքով ճանապարհային լուրջ խցանումներ են առաջացել: Մի քանի հարյուր ցուցարարներ ողջ գիշերն անցկացրել են քաղաքի կենտրոնում: Առայժմ միջադեպեր ու արմատական գործողություններ չեն գրանցվել: Ոստիկանությունը ձեռնպահ Է մնում հավաքվածներին ցրելուց: Կարգուկանոնի պահպանման համար մոբիլիզացվել Է իրավապահ մարմինների 5 հազար աշխատակից:Հոնկոնգում ցուցարարները բողոքում են ՉԺՀ-ի հետ արտահանձնման մասին օրենքի եւ այդ ինքնակառավարվող հատուկ վարչական շրջանի ներքին գործերի նկատմամբ Չինաստանի իշխանությունների կողմից վերահսկողության ուժեղացման դեմ: Նորամուծությունը թույլ կտա Չինաստանի իշխանությունների պահանջով մայր ցամաք հանձնել այն անձանց, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենքների խախտման մեջ: Դրա դեմ հանդես Է գալիս տեղական ընդդիմությունը, որն անհանգստացած Է Հոնկոնգի ներքին գործերի նկատմամբ Պեկինի վերահսկողության ուժեղացումից: Ընդդիմությունը զգուշանում Է, որ արտահանձնումը կարող Է տարածվել ոչ միայն քրեական եւ կոռուպցիոն գործերի ֆիգուրանտների, այլեւ իրավապաշտպանների եւ այլախոհների վրա:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am