ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփել է 2018 թվականի տարեկան արդյունքները ավելի քան 2 մլրդ դրամ շահույթով


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն 2018 թվականին 2 միլիարդ 227 միլիոնի դրամի շահույթ է ունեցել, ինչը 10 տոկոսով ավելի է 2017 թվականի ցուցանիշներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին անցած տարվա գործունեության արդյունքներն ամփոփելով՝ այս մասին հայտարարեց բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։

Նրա խոսքով՝ բանկը շարունակելու է զարգանալ երեք ՝ ավանդական առևտրային բանկ, թվային բանկ և ներդրումային բանկ ուղղություններով։ «Շատ ուրախ եմ, որ երեք ուղղություններով էլ մենք հաջողություններ ունենք։ 2018 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը վեց անվանակարգերով ճանաչվել է լավագույնը առևտրի ֆինանսավորման ոլորտում։ Մենք ճանաչվել ենք լավագույնը մեր գործընկեր թղթակցային բանկերի կողմից, ճանաչվել ենք բորսայի լավագույն մասնակից անդամ, ինչպես նաև երկու անվանակարգով ինվեստիցիոն բանկինգի լավագույն բանկ Հայաստանում»,-ասաց Օսիպյանը, հավելելով, որ մինչև 2020 թվականը ավարտի կհասցվեն բանկի թվային վերափոխման հետ կապված բոլոր գործընթացները։

Նրա խոսքով՝ 2022 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը տրամադրելու է անվտանգության ներքո անհրաժեշտ տեղեկատվություն իր հաճախորդներին և բոլոր բանկային գործընթացները բերվելու ենք մինիմում ժամկետի։ «Եվրամիության հետ համատեղ քննարկվում է նաև փախստականների վարկավորում եզակի ծրագիր։ Փախստականները հիմնականում Սիրիայից են, ծրագիրը առայժմ քննարկման փուլում է»,-նշեց բանկի վարչության նախագահը։

Ներկայացնելով 2018թ. ընթացքում իրականացված գործունեության արդյունքները, Օսիպյանը նշեց, որ բանկի ակտիվները հաշվետու ժամանակաշրջանի ավարտին կազմել են 220,828 մլն ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 3.9%-ով։ Բանկի ակտիվներում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն հաճախորդներին տրված վարկերը, որոնք 2018թ. կազմել են 54.3%։ 2018թ. մեծացրել է հիփոթեքային վարկերի պորտֆելը` կազմելով 17.4 մլն ՀՀ դրամ ու տեսակարար կշիռը` կազմելով 14.2%, ինչի արդյունքում նաև ամրապնդել է իր դիրքերը ՀՀ հիփոթեքային վարկավորման ոլորտում։

Նախորդ տարի բանկի պարտավորությունները կազմել են 185,917 մլն ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 4.9%-ով։ Բանկը 2018թ.-ի ընթացքում շարունակել է ուշադրության կենտրոնում պահել միջոցների ներգրավման աղբյուրները՝ հաճախորդներից ստացված միջոցները փոխարինելով ցածր ծախսատարություն ունեցող միջոցներով։ 2018թ. գործունեության ընթացքում բանկի կողմից ներգրավվող միջոցների արդյունավետ կառավարման աշխատանքների արդյունքում միջազգային և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցները ավելացել են 23%-ով` կազմելով 75,033 մլն ՀՀ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում կատարվել են բանկի ռազմավարությամբ առաջադրված խնդիրները, որոնք ուղղված էին ավանդական, ներդրումային և թվային բանկային ծառայությունների համաչափ զարգացմանը։ Ժամանակակից լուծումների կիրառման միջոցով  2018 թ․ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մեկնարկել է բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիան։

2018թ. ռազմավարական ծրագրի համաձայն, փոփոխություններ են կատարվել  մասնաճյուղերի կառավարման ուղղությամբ՝ մասնաճյուղերը բաժանելով  սուպերմարկետների, դասական, առանց կանխիկի աշխատող, ինչպես նաև էլեկտրոնային մասնաճյուղերի։ Դրա հետ մեկտեղ մասնաճյուղերին կից ձևավորվել են հաճախորդների խորհուրդներ, որով նպատակ ենք հետապնդում լսելի դարձնել հաճախորդի ձայնը։ Բանկի համար առաջնային է եղել նաև մասնաճյուղերի գործունեության արդյունավետության բարձրացումը և ոչ տոկոսային եկամուտների կտրուկ ավելացումը։

Անցած տարի թվային բանկինգի  կայացման հիմք դրվեց։ Առաջին փուլը թվային հավելվածի ստեղծումն էր, որը բանկի հաճախորդներին հնարավորություն է տվել  դասական գրեթե բոլոր բանկային ծառայություններից օգտվել թվային միջավայրում՝ առանց բանկ այցելելու։ Տարեվերջին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ թվային բանկինգի  օգտագործողների թիվը անցել էր 3000-ը։ 

Ներդրումային բանկը ևս բացառիկ համադրություն է ավանդական բանկի հետ։ Այս ուղղությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  իրականացրել է իր կորպորատիվ հաճախորդ հանդիսացող մի շարք կազմակերպությունների պարտատոմսերի  տեղաբաշխումներ, այդ թվում՝ Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է հիփոթեքային արժեթղթավորում։  Բանկը շարունակել է  նաև սեփական դրամային և դոլարային պարտատոմսերի թողարկումները։ 2018թ․ ընթացքում որպես շուկա ստեղծող (market maker)  ծառայություններ  է մատուցել մոտ մեկ տասնյակ ընկերությունների կողմից թողարկված  արժեթղթերի գծով։ Բանկը ներդրել է նոր պրոդուկտ՝ բարձր հուսալիություն և ներդրումային գրավչություն ունեցող ներդրումային պայուսակների վաճառք՝ ներդրումային հաճախորդներին։   Բացի այդ, ստեղծվել է միջազգային շուկաներում բրոքերային ծառայությունների մատուցման հնարավորություն, ինչը թույլ է տալիս բանկի հաճախորդներին աշխարհի զարգացած երկրների բորսայական հարթակներում կատարել առցանց գործարքներ։ 

Շիրակի մարզի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-երի հաճախորդների խորհրդի պատասխանատու Արթուր Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2018 թվականին բանկի վարչությունը որոշում կայացրեց Հայաստանի մի շարք մարզերում ստեղծել հաճախորդների խորհուրդներ, որի աշխատանքի արդյունքում պետք էր համագործակցության եզրեր ունենալ անմիջապես բանկի հետ։ «Ներդաշնակ համագործակցային կապը պետք է ապահովվեր նաև բանկի հաճախորդների և աշխատողների հետ։ Այսօրվա մարտահրավերներում և Հայաստանի պայմաններում բանկային ինստիտուտն իր գործունեության ընթացքում կարիք ունի հաճախորդների վստահության և խորհրդի»,-հավելեց նա։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը հաստատել է բանկի գործադիր մարմնի տարեկան, հաշվապահական հաշվետվություններն ու շահույթի բաշխումը հաշվետու տարվա արդյունքներով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am