Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները գոհ են Եվրոպայի առաջնությունում նվաճած մեդալներից

Armenpress 14:28, 10 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամները գոհ են Եվրոպայի առաջնությունում նվաճած մեդալներից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը նշեց, որ այս չեմպիոնությունը ոգևորության նոր ալիք կբարձրացնի իր մոտ: «Դեռ շատ աշխատելու տեղ ունեմ: Մարզիչների շնորհիվ պետք է առավել լավացնեմ մարզավիճակս և մյուս մրցաշարերին ևս լավմասնակցեմ: Ինձ համար ամենատպավորիչ գոտեմարտը կիսաեզրափակչի մրցելույթս էր»,-ասաց նա:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սահակ Հովհաննիսյանը համարում է, որ առաջնության յուրաքանչյուր գոտեմարտ իր դժվարությունն ունի: «Իսկ ամեն մրցաշարից էլ մեզ համար դասեր ենք քաղում: Առավել ուշադիր ենք դիտում կից գոտեմարտերը և հասկանում ենք, թե որտեղ ենք թերանում: Եվրոպայի այս առաջնությունը լավ դաս էր հաջորդ մրցաշարերից առաջ: Փորձելու ենք շտկել սխալները, որոնք ունեինք և առաջ շարժվել»,-շեշտեց մարզիկը:

Եվս մեկ բրոնզե մեդալակիր Հայկ Մելիքյանը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է մեծ  փորձով և առավել շատ հավատով սեփական ուժերի նկատմամբ: Նա Եվրոպայի առաջնության մեդալը համարում է մեծ ձեռքբերում և փորձելու է հաջորդ մրցաշարերում, շտկելով սխալները, պայքարել ոսկե և արծաթե մեդալների համար:

Երիտասարդների առաջնության փոխչեմպիոն Հրաչյա Պողոսյանը փաստեց, որ երկար ժամանակ է, ինչ իրեն Եվրոպայի և աշխարհի առաջնությունում մեդալակիր դառնալ չէր հաջողվում: «Հիմա փորձելու եմ այն երկու սխալները շտկել, որոնց պատճառով ոսկե կամ արծաթե մեդալակիր չդարձա: Փորձելու եմ աշխարհի առաջնությանն առավել լավ հանդես գալ»,-առանձնացրեց մարզիկը:

Լրագրողների հետ հանդիպման ավարտին ըմբիշներն առանձնակի շնորհակալություն հայտնեցին մարզչական շտաբին` երկար և քրտնաջան աշխատանքի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am