Հաղթել է ժողովրդավարությունը. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին

Armenpress 11:39, 10 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններին, որում ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը: «Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությանը, ապա մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն: Եվ եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ առաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտություն էր: Այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն:

Լրագրողների այն դիտարկմանը, թե Աբովյանի քաղաքապետարանի կողմից չարաշահումների հետ կապված քրեական գործ հարուցվեց, ինչը  որակվում էր որպես ճնշման փորձ, վարչապետը նշեց, որ քրեական գործի  բովանդակությունը պետք է հասկանալ, և դա մյուս հարցի հետ որևէ կապ չունի:

«Եթե հիշում եք, հեղափոխությունից երկու ամիս անց, մեր թեկնածուն պարտվեց Կապանի ընտրություններում: Դրանից հետո տեղի ունեցան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ և «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքի մարզում: Նախկինում էլ ասել եմ, եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք» ,-ասաց ՀՀ վարչապետը: Նա ընդգծեց, որ Հայաստանի բոլոր ընտրություններում հաղթում է հեղափոխությունը, ժողովուրդը:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն, ըստ նախնական արդյունքների, հավաքել է 8 հազար 453 ձայն: ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Գրիգոր Գուլյանը հավաքել է 8 հազար 58 ձայն: Սասուն Գրիգորյանը հավաքել է 731, Արթուր Ղազարյանը՝ 139, Մանուկ Մկրտչյանը 435 ձայն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am