Նիկոլ Փաշինյանը իտալացի գործարարներին հրավիրեց մասնակից դառնալ ՀՀ տնտեսության թռիչքին

Armenpress 10:58, 10 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալացի գործընկերներին հրավիրեց մասնակից դառնալ Հայաստանի Հանրապետության տնտեսության թռիչքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին ասաց հունիսի 10-ին տեղի ունեցած Հայ-իտալական առաջին գործարար համաժողովի ընթացքում՝ հայտնելով, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է երկրի տնտեսության թռիչքաձև զարգացումը։

«Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն։ Նախորդ մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, քաղաքական առումով արմատախիլ անել մենաշնորհները։ Տեղի ունեցած հեղափոխությունն աննախադեպ է նաև նրանով, որ մենք չունենք սեփականության վերաբաշխման գեթ մեկ դեպք։ Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չունեցան, և տնտեսությունը գտնվում է աճի փուլում։ Այս պահին ունենք ՀՆԱ-ի 7.1% աճ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը ապրիլ ամսին կազմել է 9.2%։ Մենք ասում ենք, որ Հայաստանը պատրաստվում ենք դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար։ Մենք պատրաստվում ենք ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր տաղանդն իրացնելու, հարստանալու և հարստացնելու հնարավորություն ունենա։ Դուք ՀՀ-ում իսկապես հայտնվել եք ճիշտ ժամանակին, և կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ձեր ընկերությունների համար իրացվելու հնարավորություն ստեղծել։ Իտալացի գործընկերներին հրավիրում եմ մասնակցել տնտեսական թռիչքին, հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ընդգծեց, որ սա իր տեսակի մեջ առաջին գործարար համաժողովն է։

«Սա առաջին հայ-իտալական բիզնես ֆորումն է, որ կազմակերպվում է Երևանում։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել վարչապետ Փաշինյանին, որովհետև Ձեր մասնակցությունը նշանակալի է՝ հաշվի առնելով այն տնտեսական հարաբերությունները, որոնք գոյություն ունեն Երևանի և Հռոմի միջև։ Հայաստանը մեծ պոտենցիալ ունեցող երկիր է։ Իտալական կազմակերպությունները շատ կարևոր պահի են եկել Հայաստանում իրենց գործունեությունը ծավալելու»,- նշեց դեսպանը։

Հայ-իտալական բիզնես ֆորումը, որին մասնակցում են բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների և Simest-ի ներկայացուցիչներ, նպատակ ունի ներկայացնելու իտալական ձեռնարկություններին Հայաստանի ենթակառուցվածքներին վերաբերող բնագավառի առավել հետաքրքիր ծրագրերը և համագործակցության հնարավորություն ստեղծելու ենթակառուցվածքների և տրանսպորտի իտալական ընկերությունների համար։ Ֆորումի նպատակներից է նաև ICE Գործակալության ներքո ստեղծել համացանց՝ իտալական ասոցիացիաների և դրանց օտարերկրյա համարժեքների միջև։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am