1000х90.jpg (78 KB)

Կոմիտասի նոտաներն ու նրան վերաբերող գրականությունը ներկայացվեցին Վարդապետին նվիրված ցուցահանդեսում

Armenpress 17:56, 7 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ աշխարհում հայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցի՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում ներկայացվեցին Կոմիտասի կյանքին, գործունեությանը վերաբերող գրականության հարուստ հավաքածուն, տպագիր նոտաներն ու լուսանկարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը բացվեց հունիսի 7-ին:

«Գրադարանը ոչ միայն գրապահոց է և ընթերցարան, այլև մշակութային, գիտական և  կրթական շատ կարևոր հաստատություն: Երբ ստանձնեցի գրադարանի տնօրենի պարտականությունները, իմ առաջ դրեցի գրադարանը Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը դարձնելու խնդիրը, և մենք, բնականաբար, չէինք կարող շրջանցել Կոմիտասի 150-ամյակը: Սակայն ինձ համար շատ ցավալի է, որ, ունենալով մատենագիտության բաժին, չունենք Կոմիտասի մատենագիտությունը: Թեպետ հոբելյանական տարում չենք հասցնի այդպիսի մատենագիտություն կազմել, քանի որ դա տևական աշխատանք է պահանջում, բայց կարևոր է ունենալ այն: Մատենագիտության մեջ պետք է արտացոլվեն Կոմիտասին վերաբերող գրականությունը, մամուլում և առհասարակ նրան անդրադարձները»,-նշեց գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը:

Նա շեշտեց, որ գրադարանի մշակութային քաղաքականության ուղղություններից է  մարդկանց ամեն կերպ գրքին, գրին, տպագրությանը կապելը և այդ առումով կարևոր է, որ գիրը, տառերը նոտաները ոչ միայն նիրհեն գրքերում, այլև հնչեն ու ներկայացվեն հանրությանը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Այս միջոցառումով ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ Կոմիտասի  ժառանգության համահայկական արժևորման գործում»,-եզրափակեց Սարիբեկյանը:

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց համերգային ծրագիր, որի շրջանակում ելույթ ունեցան երգիչ, երգահան Վահան Արծրունին, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, մեներգիչներ Անդրանիկ Մալխասյանը, Անի Ղազարյանը և այլք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am