1000х90.jpg (78 KB)

Մանե Թանդիլյանն անընդունելի է համարում բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ ԱԺ արտահերթ նիստի անցկացումը

Armenpress 13:50, 7 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն ընդունելի չի համարում ԱԺ հանձնաժողովներում 2018-ի բյուջեի կատարման հաշվետվությունների քննարկմանը զուգահեռ կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստի անցկացումը: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Թանդիլյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում:

«ԱԺ-ում քննարկվում են 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունները: Եվ արտահերթ նիստին զուգահեռաբար ընթանում են այդ քննարկումները: Դրա համար մենք ստիպված եղանք ընդհատել բյուջեի կատարման նախնական  քննարկումները՝ վազելու դահլիճ՝ արտահերթ նիստերին մասնակցելու»,-ասաց Թանդիլյանը:

Նա նշեց, որ հասկանում է որոշ օրենքների հրատապությունը, այդ թվում նաև Հարկային օրենսգրքի փոփոխության հրատապությունը, սակայն չի ընդունում այն, որ ընդհատվում է ԱԺ խորհրդի կողմից հաստատված ժամկետացանկը, որով նախատեսում էին կարևորագույն քննարկումներ: Թանդիլյանը խնդրեց, որ դա լինի վերջին անգամ, որ նման կարևորագույն օրենքների քննարկումներն անցկացվեն բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ:

ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում էին 2018թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունների համար նախնական քննարկումները: ԱԺ արտահերթ նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am