ԱՄՆ-ը որոշեց դադարեցնել թուրք օդաչուների ընդունումը F-35-ով թռիչքների ուսուցման համար. Reuters

Armenpress 10:21, 7 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը որոշում Է ընդունել դադարեցնել Թուրքիայից ռազմական օդաչուների ընդունումը F-35 կործանիչ-ռմբակոծիչներով թռիչքների ուսուցման ծրագրի համար՝ կապված այն բանի հետ, որ Անկարան որոշել Է Ռուսաստանից ձեռք բերել Ս-400 զենիթահրթիռային համալիրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ ընդունված որոշումը չի վերաբերվում արդեն ԱՄՆ-ի տարածքում գտնվող օդաչուներին, այլ միայն նրանց, ովքեր պլանավորում Էին ուսուցմանը ձեռնամուխ լինել Արիզոնայի նահանգի Լյուկ ավիաբազայում: ԱՄՆ-ի զինվորականների տվյալներով՝ ներկայում Լյուկ ավիաբազայում ուսուցում Է անցնում թուրք չորս օդաչու: Թուրքիայի եւս երկու օդաչուներ ամերիկյան բազայում աշխատում են որպես հրահանգիչներ:

Նաեւ ավիաբազայում Է գտնվում Թուրքիայի 20 քաղաքացի, որոնք պատասխանատու են ռազմական ինքնաթիռների շահագործման համար, նրանք վարժանքներ են անցկացնում ամերիկացի մասնագետների ղեկավարությամբ: Մայիսի 29-ին գործակալությունը տեղեկացրել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունները լրջորեն դիտարկում են F-35-ով թուրք օդաչուների թռիչքների ուսուցումը լիովին դադարեցնելու հնարավորությունը, սակայն պաշտոնական որոշում դեռեւս չի ընդունվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am