«Մէկ կադր» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնին ցուցադրվելու է իննսունյոթ կինոնկար

Armenpress 14:29, 5 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մէկ կադր» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը, որն անցկացվելու է հունիսի 5-11-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում,  այս տարի ստացել է 752 ֆիլմի հայտ, բայց ընտրվել է 97 բազմաժանր, բազմաբովանդակ կինոնկար: Ֆիլմերը կարող են հետաքրքրել տարբեր սերունդների և մասնագիտությունների տեր մարդկանց, քանի որ չունեն թեմատիկ ուղղվածություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 5-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում:

«Այս տարի փորձում ենք համագործակցել տեղի և միջազգային տարբեր կազմակերպությունների, կառույցների հետ, իսկ ամենանշանակալի իրադարձությունն այն է, որ մեզ առաջին անգամ աջակցել է ՀՀ մշակույթի  նախարարությունը: Դա մեծ լիցք փոխանցեց  բոլորիս»,-հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի հիմնադիր նախագահ Գագիկ Ղազարէն:

Անդրադառնալով ներկայացված կինոնկարներին` նա ասաց, որ դրանք բավականին  դիտարժան են: «Ավանդույթի համաձայն` ֆիլմերի դիտումներից հետո մենք իրականացնում ենք քննարկումներ, որոնք ակամայից վերածվում են վարպետության դասերի»,-ընդգծեց Ղազարէն:

Կինոփառատոնն ունի չորս անվանակարգ, որոնք են`  «Մէկ կադր մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի», «Զրո բյուջե»:

«Մէկ կադր մէկ րոպե» անվանակարգի ժյուրիի նախագահ, դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանի խոսքով` Ֆիլմերի հայտերի աննախադեպ քանակը խոսում է այն մասին, որ  փառատոնը շնչում է, կյանք է առնում, քայլում է:

«Այս անվանակարգը շատ կարևոր է. ըստ իս` մեկ րոպեն խտացված կինոյի նշանակություն ունի, և ես ավելի հակված եմ այն համարել մերկ կինո: Մեկ րոպեում կարողանում ես տեսնել, թե ինչի հետ գործ ունես` ստեղծագործության, պատահական պատկերի, թե նոր խոսքի»,-նշեց Ադամյանը:

Խոսելով մերօրյա կինոարտադրության առջև ծառացած խնդիրների մասին` ռեժիսորն ասաց, որ դրանք շատ են:«Կինոարտադրության իմաստով մենք հետ ենք գնացել, և կարիք ունենք բացը լրացնելու,  բանակը մեծացնելու: Այս փառատոնը հարթակ է, որտեղ դուք կարող եք ձեր ես-ը,  ձեր թեման, ձեր ինչպիսին լինելը ներկայացնել ոչ միայն Հայաստանին, այլև արտերկրին: Սա նաև  նոր ծանոթությունների հզոր հարթակ է»,-հավելեց Ադամյանը:

«Զրո բյուջե» ժյուրիի անդամ, «Կինոկետ Փրադաքշնս» ընկերության ստեղծագործական տնօրեն Վարդան Հակոբյանը հայտնեց, որ  «Զրո բյուջե» անվանակարգում ներկայացված է վեց կինոնախագիծ: «Հաղթած նախագիծը կարող է փոքր գումար ստանալ  և վերածվել ֆիլմի: Այս հարթակը մրցակցային դաշտ է ստեղծում երիտասարդների շրջանում, պայքար լավ որակի, գաղափարի համար»,-շեշտեց նա:

«Մէկ կադր» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնին ֆիլմեր են ներկայացվել ԱՄՆ-ից, Բելառուսից, Բելգիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Իսրայելից, Շվեդիայից, Ռուսաստանից, Սիրիայից և այլ երկրներից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am