Աննա Հակոբյանը գաղտնազերծել է վարչապետի ծննդյան տարեդարձը նշելու մանրամասները. մեկնաբանություն «Ապագա ռեզորթ»-ից

Armenpress 12:45, 5 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը նշելու արարողությունից՝ ցանկանալով վերջակետ դնել այդ հարցի տարաբնույթ շահարկումներին սոցիալական ցանցերում: «Ֆեյսբուք»-ի իր էջում Աննա Հակոբյանը լուսանկարներ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետը իր ընտանիքի հետ մտերմիկ միջավայրում նշում ծննդյան տարեդարձը:

«Իսկապես անչափ «ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հանգստյան օրեր ենք անցկացրել Իջևանի սարեր/ձորեր/անտառներում: Գիշերել ենք «Ապագա ռեզորթ»-ում, եղել ենք Ենոքավանի սարերում և Լաստիվերում, վարչապետի տարեդարձը նշել ենք Իջևանի անտառում բացառապես ընտանիքի անդամների և մանկության ընկերների հետ»,-լուսանկարներին կից գրել է վարչապետի տիկինը:

Հակոբյանն անդրադարձել է նաև համացանցում տարածված տեսանյութին, որտեղ իբր «հատուկ» վրաններում վարչապետը տոնել է իր տարեդարձը՝ ակնարկելով, որ միջոցառումը որևէ կապ չուներ վարչապետի ծննդյան տոնի հետ:

«Ապագա ռեզորթ»-ից «Արմենպրես»-ը տեղեկացավ, որ դա եղել է այլ կազմակերպության անցկացրած միջոցառում, որևէ կապ չի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տոնակատարության հետ: «Դա մեկ այլ բարեգործական միջոցառում էր, որը վարչապետի ծննդյան օրը անցկացվել է «Ապագա ռեզորթ»-ում: Վարչապետին ևս հրավիրել են մասնակցելու այդ միջոցառմանը, որին վարչապետը ներկա է եղել 30 րոպեով»,-տեղեկացրին «Ապագա ռեզորթ»-ից:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծնվել է հունիսի 1-ին: Երեխաների պաշտպանության միջազգային օրը նա տոնել է ծննդյան 44-ամյակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am