Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստում քննարկվել են տեխնիկական հարցեր

Armenpress 18:21, 4 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքային առաջին քննարկումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց հանձնաժողովի ղեկավար, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Հանձնաժողովը ստեղծված է 6 ամիս ժամկետով: Մենք քիչ առաջ աշխատանքային առաջին քննարկումն արեցինք, որտեղ պլանավորեցին, թե ինչ քայլերից ենք սկսում տեխնիկական մասերը` մեզ հետաքրքրող ուղղություններով տեղեկատվությունը ստանալու, մարդկանց լսելու, ուսումնասիրելու, և վերջնահաշվում ունենալու այնպիսի ուսումնասիրության առարկա, որը հասարակության մոտ կփարատի բոլոր այն կասկածները, որ մինչ հիմա այս թեմայով հնչեցվել են»,- ասաց Քոչարյանը:

Հանձնաժողովի քննության առարկան է.

      1. Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կատարման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն:

Հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվության, համարժեքության գնահատում, դեպքերին տրված իրավական գնահատականի հիմնավորվածության և օրինականության գնահատում:

Հանձնաժողովի իրավասության ոլորտն է.

Պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիայի և ռազմական խորհրդի հաշվետվությունները, փաստաթղթերը, զեկուցագրերը, և այլն: Այդ թվում` գաղտնիության ռեժիմ ունեցող: Հանձնաժողովի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների:

Մայիսի 20-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ հասունացել է ժամանակը՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am