Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Հայաստանից և Արցախից 500 երեխա մասնակցում է հունիսմեկյան միջոցառումներին

Armenpress 20:36, 31 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 31-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխաներ Երևանի տարբեր վայրերում մասնակցել են տոնական միջոցառումների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, տոնական միջոցառումների շրջանակում երեխաների առաջին կանգառը եղել է «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի «ԿինոՊարկ» կինոթատրոնը, որտեղ նրանք դիտել են «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը-2» անիմացիոն ֆիլմը։ Կինոդիտումից հետո երեխաների մի խումբն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ նրանք շրջել են կենտրոնով, ծանոթացել նորարարական տեխնոլոգիաներին և մասնակցել հատուկ դասընթացի։ Մեկ այլ խումբ այցելել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ու դպրոցի մարզիչների օգնությամբ սովորել սառույցի վրա պարելու նրբությունները։ Օրվա հերոսների մեկ այլ խումբն այցելել է Երևանի ֆուտբոլի ակադեմիա: Նրանք հանդիպել են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանի, Ռումյան Հովսեփյանի և Մ19 տարեկանների հավաքականի մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ և ստացել ֆուտբոլիստների մակագրությամբ գնդակներ։  Մեկ այլ խումբ էլ այցելել է Երևանի կենդանաբանական այգի։ Տոնական միջոցառումների շրջանակում երեխաներն այցելել են նաև «Տաշիր պիցցա» սննդի կենտրոն։

«Շնորհակալություն ենք հայտնում վերոնշյալ կազմակերպություններին երեխաների ժամանցն ապահովելու համար:  

Հունիսմեկյան տոնական միջոցառումները շարունակվելու են հունիսի մեկին»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am